Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Թքած այն խաղաղության վրա, որը պիտի մուրաս

Թքած այն խաղաղության վրա, որը պիտի մուրաս
14.02.2024 | 08:29

Երբ վաղ առավոտից ռենտգեն և ՄՌՏ ստուգումների էի, լսեցի զոհերի մասին հենց ռենտգեն միացված սարքի տակ:

Ռենտգենոլոգը, պարզվեց, մեր նախկին զինծառայողի կինն է ու ինձ էլ շատ լավ ճանաչում էր:

Սա մի իսկական սթրես էր ու՝ ոչ միայն զոհերի առումով: Սիրտս վատացավ, մութ սենյակից դուրս թռա ու ամիջապես զանգահարեցի բարեկամուհուս՝ Մատաղիսում ծառայած. քառօրյայում և 44-օրյայում կռված 25-ամյա որդին երկու օր առաջ խնդրել էր միջնորդեմ Ներքին Հանդի զորամաս մեկնելու. ազատ հաստիք կար:

Երկար ժամանակ փորձում էի տարհամոզել, չէր օգնում, դիրքերում բարձր են վճարում, կորպուսում ցածր է աշխատավարձը, իսկ ինքը դեռ պետք է ամուսնանա, ծնողը միջոցներ չունի:

Ստիպված էի զանգահարել, միջնորդել, բայց մորը քաղաքի մի ծերից հասցրի իմ տուն, որ ասածս լավ տեղ հասնի. տղան երկու օր հետո թող ներկայանա կորպուսի հրամանատարին:

Ինչու՞ ոչ՝ հենց հիմա, փետրվարի 11-ին, ինչպես պայմանավորված էր. չգիտեմ, պատասխանը չունեի, ակամա ասացի՝ հրամանատարը տեղում չի լինելու, այս պահին էլ դիրքերում է:

Բայց նա տեղում էր, ժամն էլ պայմանավորված էր:

Հիշեցի հրամանատարի վատ տրամադրությունը հեռախոսով խոսելիս ու այն, երբ ասաց՝ եթե դուք եք ասում, ուրեմն արժանավոր կադր է. թող հենց այսօր էլ գա կորպուս ու անմիջապես ուղարկենք ծառայության՝ ՀԵՐԹԱՓՈԽԻ:

Մի տեսակ՝ դուրս չեկավ այս հրատապությունը, բառը սղոցեց ականջս, կարծես՝ մի այլ կերպ հնչեց:

Հրամանատարի տրամադրությունն էլ այն չէր, շատ էր մտահոգ ու լարված:

Բայց այս մասին չասացի խոսքիս սպասող բարեկամներիս, չէին էլ հասկանա, կմտածեին՝ խուսափում եմ:

Կարծում եմ՝ հրետակոծությունն արդեն սկսվել էր, չի բացառվում, որ զոհերը հենց 12-ին են եղել:

Մեզանից անկախ գործում է մեր կողքով քայլող վերին ուժերի կամքը, մեր հեռազգացությունը. նկատել է պետք:

Իսկ իմ անվրեպ ինտուիցիան մեկ անգամ չի, որ փրկել է ինձ ու շատերին, եթե, իհարկե, լսել եմ, ու ինձ էլ լսել են:

Երևի զուր չենք այսքան դաժան տարիների մեջ ապրել, դարձել իրավիճակի մոգեր:

Բարեկամիս որդին էլ՝ մի իսկական Արա գեղեցիկ, բարձրահասակ, գեղադեմ, մինուճար, գրագետ:

Աստված իմ, հանկարծ ու՝ գնացած չլիներ…

Չէր գնացել, սպասել էր խոսքիս: Ապրես, տղաս:

Պատկերացրի՞ք ողբալի վիճակը, երբ այսքան զոհերի մեջ ուրախանու՜մ ես, որ տղան չէր գնացել, զոհերի մեջ չէ:

Հակասական էին ապրումներս՝ զոհերը բոլորն էլ մերոնք են, մեր հարազատները, բայց այս դեպքում՝ մի քիչ այլ էր:

Մնացած կյանքս պիտի ապրեի այս ծանր մեղքի հետ, որքան էլ՝ մեղքս չկար:

Բայց ո՞վ էր հիշելու, որ ես դեմ էի, որ փորձում էի հետ պահել այդ մտքից, բարեխոսել կորպուսում համակարգչային օպերատորի կամ կապի բաժանմունքում ծառայության համար:

Փաստը կմնար այն, որ ես եմ զանգահարել ու միջնորդել:

Ինչ որ է, ցնցված եմ մեր այսօրինակ «բախտից» էլ, մեր ապրած կյանքից էլ, սատանայական փորձություններից էլ:

Ռենտգեն ստուգումներս շարունակելու սիրտ չմնաց, պատասխանն արդեն գիտեի՝ մեր բոլոր առողջական խնդիրները, մեր բոլոր մահերը տևական լարվածության, անվերջ պատերազմական տարիների, այս խայտառակ պարտության ու դրան հաջորդող նույնքան նսեմ պետական քաղաքականության արդյունք են:

Մենք բոլորս էլ մեր երկրի հիվանդն ենք, ուրիշ պատճառ չկա:

Մեծ զորավարն ասում էր՝ թշնամուց խաղաղություն գնել, նույնն է, ինչ նրան միջոցներ տրամադրել նոր ու ջախջախիչ պատերազմի:

Թքած այն խաղաղության վրա, եթե պիտի մուրաս:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 5816

Մեկնաբանություններ